«Մեր բերած

վիրավորներից

ոչ ոք չմահացավ...


Տղամարդ, թե՝ կին, հավասարապես տուժում են

պատերազմից։ Մեկը կյանքն է կորցնում, մյուսը՝

հարազատին․ բոլորի հոգիներն են դատարկվում»։

Բուժաշխատողի համար հերթապահության օրերը միշտ են անկանխատեսելի․․․ Բայց 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվածը, թերևս, անպատկերացնելի էր։ Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի ավագ բուժքույր Հասմիկ Հովհաննիսյանը հերթապահությանն էր։ Պատրաստվում էր աշխատանքի, երբ առավոտ շուտ իմացավ պատերազմի գույժը։

«Անհնար է նկարագրել թե ինչ զգացի․․․ Եկա հիվանդանոց, արդեն բաշխում էին՝ ով որտեղ ինչ պիտի անի։ Ասացի՝ ինձ էլ անպայման մի բան տվեք, որ անեմ»։



Սռաջին երեք օրը Գորիսի բժշկական կենտրոնում էր, այնտեղ էին վիրավորներ ընդունում։ Շտապ օգնության հետ գնում էր Ստեփանակերտ և հիվանդներին տեղափոխում Գորիս։ Հետո, երբ Կապանի հիվանդանոցն էլ սկսեց վիրավորներ ընդունել, շտապ օգնության մեքենան օրը մի քանի անգամ Իշխանաձորից այնտեղ էր վիրավորներ տեղափոխում։
«Վերջին անգամ, որ գնացինք Իշխանաձոր, արդեն ներսում տեղ չկար, խոտերի վրա էին վիրավորներին ինտուբացիա անում, հասկացա, որ շատ վատ է վիճակը»։
Հույսը սրտում ամեն օր ռազմաճակատ էր մեկնում։ Իր որդին էլ էր այնտեղ․ թուլանալու իրավունք չուներ։ Ասում է՝ տղամարդ, թե՝ կին, հավասարապես տուժում են պատերազմից։ Մեկը կյանքն է կորցնում, մյուսը՝ հարազատին․ բոլորի հոգիներն էլ դատարկվում են... Մայրն այդ օրերին ցուցակներում որդու անունն էր փնտրում։
«Որդիս կամավորագրվել էր։ Ինձ համար երևի ամենածանրն այն 3 օրերն էին, երբ իրենից լուր չունեի։ Զոհերի, վիրավորների ցուցակներն էի նայում, տնտղում... Մի օր էլ գտա իր անուն, ազգանունով, ծննդյան թվով մի վիրավորի, որի վիճակը ծանր էր, հետո պարզվեց ինքը չի։ Որդիս անվնաս եկավ օրեր անց»։



Զանգում են, վերցնում է հեռախոսն ու անջատում։ Իմ հայացքն մնում է բուժքրոջ հեռախոսի էկրանին։ Չեմ դիմանում, հարցնում եմ՝ ռազմի դաշտից նկարներ ունի՞։
Դեմքին դանդաղ ժպիտ է հայտնվում, բացում է հեռախոսն ու ցույց է տալիս մի նկար․


«Այնքան ճարպիկ տղա էր, ասաց եկեք նկարվենք, իմ հետ նկար կունենաք ու կհիշեք...»
«Ինձ հարցնում էին՝ ինչի՞ ես էդքան օգնում... Ի՞նչ ասեի, ասում էի՝ որ Աստված էլ իմ որդուն օգնի, ողջ առողջ տուն գա»։

«Մեր բերած վիրավորներից ոչ ոք չմահացավ...

Մի տղա կար, վիճակն այնքան ծանր էր, հույս չունեին, որ կապրեր։ Բերեցինք, սանավիացիայի ինքնաթիռով ուղարկեցինք Երևան։

Երկու ամիս անց տաքսիով Երևան էի գնում, պարզվեց նրա հայրն էլ էր հետս։ Ծանոթացանք, խոսեցինք, ասաց՝ վիճակը ծանր է դեռ։

Հետո արդեն Կապանում մի օր մեր բժշկուհին ասաց, թե՝ գիտե՞ս, Վադիմն այստեղ է, գալիս է մեր առաջին հարկում վերականգնողական բուժման։ Արագ իջա, փաթաթվեցինք, լացեցինք երկուսով։ Անճանաչելի էր դարձել, բայց պլաստիկ վիրահատություններով ամեն բան կվերականգնի; Կարևորը՝ ապրում է․․․»
Made on
Tilda