Երկու սերունդ
ընդհատակյա Վանաձորից
Վանաձոր քաղաքի ընդհատակյա (underground)
երիտասարդական կյանքը՝ երկու սերունդների աչքերով։
Դեռ խորհրդային տարիներից Կիրովականը, այսօրվա Վանաձորը, անվանում էին հայկական ռոքի մայրաքաղաք։
Տարբեր սերունդների շատ ռոք երաժիշտներ ու խմբեր այստեղ են սկսել իրենց առաջին քայլերը։
Ընդհատակյա «դիլխորները»
Մհերը 44 տարեկան է, «Լավ էլի» ռոք խմբի վոկալիստը, առաջատար ռիթմ կիթառահարն ու շրթհարմոնահարն է։ Կրթությամբ՝ տնտեսագետ-միջազգայնագետ է։
Աշխատում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամում։
Էրիկը 23 տարեկան է, «Clocker» ալտերնատիվ ռոք խմբի կիթառահարն է։ Ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրիայի բաժին, սակայն կիսատ է թողել ուսումը։
Վանաձորը իր մեծությամբ Հայաստանի երրորդ քաղաքն է։
Մինչև 1935 թ․ քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, իսկ 1935-ից հետո՝ Կիրովական՝ ի պատիվ խորհրդային տարիների գործիչ Սերգեյ Կիրովի։

Վանաձորը խորհրդային դիմագծով քաղաք է։ Նրա առաջին հատակագիծը հենց խորհրդային իշխանության ժամանակ է կազմվել՝ 1929-1930 թվականներին։

Սակայն վերջին տարիներին քաղաքի դեմքը սկսվել է փոխվել․․․
Մհեր Մանուկան
Էրիկ Խանոյան
Մհերը «Դբա լավը» կարգախոսով
Եթե ծրագրավորում չի, ապա ինչ ուզում է` թող լինի․․․

Ընդունվեցի միջազգային հարաբերությունների բաժինը, որովհետև մերոնք դեմ էին, որ ծրագրավորում սովորեմ։ Այդ ժամանակ, ճիշտն ասած, ինձ ոչ մի բան չէր հետաքրքրում՝ բացի երաժշտությունից, ծրագրավորումից և ֆիլմերից, բայց լավ ֆիլմերից (աղջիկները չհաշված էլի)․․․

Էն ժամանակ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը համարվում էր հեռանկարային, ու էդտեղ ավարտելով կարող էիր լավ գործ գտնել։
Մայրս հենց այդ ֆակուլտետն էր ընտրել։ Ինձ համար լրիվ մեկ էր․․․
Լավ էլի ստուդիա, 2002 թվական
Երիտասարդությունից հիշում եմ մեր անկաշկանդությունն ու
հիմարությունը` լավ իմաստով․․․

Ասեմ՝ ինչ նկատի ունեմ։ Ռուսներն ունեն, չէ,՞ Иванушка дурачок-ի կերպարը։ Եթե ինքը дурачок չլիներ և էն գլխից իմանա, թե իրեն ինչ է սպասվում, երևի կես ճամփին մնար ու առաջ չգնար։
Էդպես էլ բոլոր երիտասարդները մաքուր, կյանքին վստահող մի մասնիկ ունեն իրենց մեջ, հավատում են, որ աշխարհը գեղեցիկ ա, ազնիվ ա, արդար ա․․․


Երիտասարդությունն էն ժամանակն ա, երբ դու լավ իմաստով իմաստացած չես այնքան, որ հասկանաս, թե ինչ խնդիրներ են կանգնած քո և աշխարհի առաջ, բայց քո մեջ զգում ես ներքին լույս ու էներգիա, որ քեզ տանում ա առաջ։
Դա էն ժամանակն ա, որ կարող ես հանգիստ թքել «չափահասների աշխարհի» վրա և ասել՝ ինձ ո՛չ ձեր փողն ա պետք, ո՛չ էլ՝ աշխատանքը, ինձ ուրիշ բաներ են հետաքրքրում՝ սերը, աշխարհը։

Հենց սա եմ ես կարոտում, որովհետև դա հետո պիտի փոխվի․․․
Եթե դեպի լավը փոխվի, ապա կդառնաս մի մարդ, որ կսկսի էդ հատկանիշներն իրականություն դարձնել։ իսկ եթե ինչ-որ բան էնպես չստացվի, կկոտրվես, կդառնաս ցինիկ, կթքես ամեն ինչի վրա ու կասես․ «Չէ, ախպեր, ճիշտը փողն ա»։

Ի՞նչ ինձ դուր չի գալիս․․․
Արդեն երիտասարդությունից սկսում ես հասկանալ, որ էն, ինչ քո մեջ ա, միշտ չի, որ նաև քո շուրջ ա։
Հետո քայլ առ քայլ հասկանում ես, որ էն, ինչ քո մեջ ա, հիմնականում քո շուրջը չկա։ Հետո հասնում ես էդ ճակատագրական հարցին ՝ բա լավ, ի՞նչ անեմ հիմա ․․․

Երևի ամենամեծ պատճառներից մեկը հենց դա էր, որ ես սկսեցի երգել։
Էդ ամենի մասին եմ երգում․․․

Իմ ամենամեծ վախը
Երիտասարդ ժամանակ ինձ ոչ մի բան չէր վախեցնում, որովհետև երիտասարդությունը նաև քաջության շրջան ա։ Էդ հետո ա էլի լինում, որ մարդիկ մեծանում են ու դառնում են վախկոտ։.

Իմ ամենամեծ վա՞խը․․․
Որ չկարողանամ անել այն՝ ինչի համար պատասխանատու եմ․․․
Վանաձոր հետ գնալու մասին․․․
Շատ եմ մտածել, շատ-շատ․․․
Բայց վերջին տարիներին նաև հասկացել եմ, որ էն Վանաձորը, որտեղ ես կուզեի վերադառնալ, էլ չկա։ Համարյա բան չի մնացել իմ մանկության քաղաքից, իմ տարեկիցների մեծ մասն էլ Վանաձորում չի․․․
Լուսանկարը Հոդված 3-Մարդու իրավունքների փառատոնի համերգից
Վանաձորյան երիտասարդների հետ, ցավոք, հիմա շատ չեմ շփվում, բայց մի նմանություն իրենց հետ ես հաստատ ունեմ։ Դա դեպրեսիվության հակումն ա, որ երևի մեր տեղանքից ու եղանակից է։ Կիրովականը միշտ մի քիչ դիլխոր, ամպամած քաղաք ա եղել․․․

Ինձ թվում ա՝ էսօրվա երիտասարդների մոտ հուսահատությունն ավելի մեծ ա, քան մեր մոտ։ Մենք, օրինակ, նույնիսկ ամենածանր պայմաններում շատ ուրախ էինք անցկացնում մեր օրերն իրար հետ։ Հիմա հետ եմ նայում ու չեմ հասկանում, թե ինչի վրա էինք էդքան ուրախանում էդ ծանր օրերին։

Էսօրվա երիտասարդների նկարած ֆիլմերը՝ ծերից ծեր ողբերգություն, հուսահատություն ա, ու դա ինձ անհանգստացնում ա։
Առողջ քննադատության դոզան պիտի ունենաս, բայց իրանց մեջ քննադատությունն ու հուսահատությունը շատ-շատ ա։
Վանաձորի հին թաղամասերից
Իմ Վանաձորը
Ստեղծագործելու համար հենց էդ անբարենպաստ ու միևնույն ժամանակ՝ ամենաբարենպաստ միջավայրն ա իմ Վանաձորը։

Մի կողմից՝ շատ սարսափելի, ծանր գավառական կնիք ա դրած Վանաձորի ու իր նման փոքր քաղաքների վրա․ մարդկանց մեծ մասը ոչ շփվել գիտեն, ոչ էլ ընդհանրապես մտածում են էդ մասին։ Միևնույն ժամանակ՝ հենց էդ միջավայրում սկսում ես գտնել մարդկանց, որոնք քո նման են մտածում, ու դա մեծագույն երջանկություն ա։
Clocker-ի Էրիկը
Վանաձորի միակ pub-ը` Solenoid-ը
Վանաձորը մարդ ու բնություն սահմանին է

Վանաձորը, սենց ասեմ, չբացահայտված տեղ ա․․․
Իրա պոտենցիալը շատ-շատ մեծ ա, բայց շատ քիչ ա օգտագործվում ու հնարավոր ամեն ձևով փակվում ա։

Վանաձորն, իմ կարծիքով, բնությանը մի տեսակ ավելի մոտ ա, իսկ բնությունը հենց մարդն ա։
Առաջին հերթին՝ պետք ա հասկացվի, թե մարդը ու բնության սահմանը որտեղով ա անցնում, ու Վանաձորը իմ համար հենց այն տեղն ա, որտեղ կարողանում եմ էդ սահմանը տեսնել։

Երբ ես տեղափոխվում եմ ուրիշ քաղաք, մի տեսակ ստեղծագործականս էլ ա տուժում, ոգևորվածությունս էլ։ էստեղ ամեն ինչը նպաստում ա նրան, որ ստեղծագործական միտքս ավելի բարձր մակարդակի վրա լինի ու ավելի ակտիվ լինի։
Իմ ամենամեծ վախը
Ամենաշատը վախենում եմ, որ ոչ մի արդյունքի չհասնեմ կյանքում, որ անընդհատ տեղում դոփեմ ու պրոգրես չունենամ։

Սպառվելուց եմ վախենում․․․
Մանկության երազանքս կիթառահար դառնալն էր
Իմ Վանաձորը
Վանաձորն ինձ համար մի տեսակ կասկածելի կոմֆորտի զոնա ա, որտեղ քեզ հա՛մ կոմֆորտ ա,
հա՛մ էլ՝ չէ։

Այն տեղը, որտեղ մենք փորձեր ենք անում, երևի ամենասիրելին ա ինձ համար, որովհետև էնտեղ կարում եմ ստեղծագործել ու
կարում եմ ինքս իմ հետ լինել։
Clocker-ի սիրելի վայրը Վանաձորում
Վանաձորը իմ համար բացահայտումների տեղն ա։
Էստեղ ես ինքս ինձ ու երաժշտությունն եմ բացահայտում․․․
Մհեր Մանուկան
Էրիկ Խանոյան
Վահե Խաչիկյան
հեղինակ
Սա պատմություն է մի քաղաքի մասին, որին ես սիրահարվեցի ու մնացի սիրահարված։
Փորձել եմ ձեզ ներկայացնել երկու սերունդների ապրումներ և այն, թե ինչպես է Վանաձորը ազդել մարդկանց ստեղծագործական կյանքի վրա։ Հուսով եմ ձեզ դուր եկավ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website